24 ապրիլի 2020 - 18:53 AMT
«Հիշում ենք Մեծ եղեռնը»․ Թրամփը կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը։

ԱՄՆ ղեկավարը նշել է, որ ապրիլի 24-ին իրենք միանում են միջազգային հանրությանը, որը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի սարսափելի ոճրագործություններից մեկի՝ «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին»։

«1915-ի սկզբում 1․5 մլն հայ տեղահանվեց, սպանվեց կամ մահացավ Օսմանյան կայսրությունում։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տուժել են և կորցրել կյանքը, միաժամանակ՝ վերահաստատում ենք մեր պարտավորությունը՝ առավել մարդասեր և խաղաղ աշխարհի ամրապնդման համար», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք ողջունում են «հայերի և թուրքերի՝ իրենց ցավոտ պատմությունը ճանաչելու ջանքերը»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին մտորում են հայ և ամերիկացի ժողովուրդների միջև եղած ամուր կապերի մասին։ Թրամփի խոսքով՝ իրենք հպարտանում են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությամբ, որի շնորհիվ հայ փախստականներին մարդասիրական օգնություն է ցուցաբերվել 1915-ին։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հայերն իրենց նշանակալի ավանդն են ունեցել երկրի զարգացման գործում։

ԱՄՆ Սենատը 2019-ի դեկտեմբերի 12-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելի վաղ՝ հոկտեմբերին Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ևս ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։