24 ապրիլի 2020 - 19:30 AMT
Թրյուդո․ Հայոց ցեղասպանությանը պատմության մռայլ շրջան է, որը երբեք չպետք է մոռացվի

Ապրիլի 24-ին Կանադան միանում է երկրում և ամբողջ աշխարհում ապրող հայերին՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Նա Հայոց ցեղասպանությունը որակել է պատմության մռայլ շրջան, որը երբեք չպետք է մոռացվի։

«Այս կարևոր օրը մենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել են և զրկվել կյանքից՝ այդ ողբերգական շրջանի պատճառով։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց ժառանգներին, այդ թվում՝ Կանադայի հայ բնակչությանը, որն այդքան ներդրում է ունեցել մեր երկրի հզորացման գործում»,- ասել է Թրյուդոն։

Կանադայի վարչապետի խոսքով՝ ատելությունն ու բռնությունն այլևս չպետք է անտարբերության մատնվեն։

Նա նշել է, որ Կանադան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կառուցելու խտրականությունից զերծ աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն իրեն ապահով կզգա՝ անկախ նրանից, թե ով է, որտեղից և ինչի է հավատում։

Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2002-ին։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։