25 ապրիլի 2020 - 11:15 AMT
Ուկրաինայի Ռադայի պատգամավորները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն ապրիլի 24-ին տեսաուղերձով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նամակ էր հղել պետմարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Ուկրաինան հիշում է» տեսաուղերձի սկզբում պատգամավոր Դարյա Վոլոդինան հիշեցնում է, որ ապրիլի 24-ն այն օրն է, երբ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին և հարգում նրանց հիշատակը։ Նրան միացել է 26 պատգամավոր Ուկրաինայի տարբեր շրջաններից։

Նախաձեռնության հեղինակը Վոլոդինան է։ Նա ասել է, որ այդպիսով պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին, գրում է AnalitikaUA.net-ը։

Նամակում ԱԳ փոխնախարար Վասիլի Բոնդարը նշել էր, որ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը։ Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նրա, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ևս հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ցավի և ողբի օր 1915-1924թթ․ զոհված միլիոնավոր մարդկանց համար․․․»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։