27 ապրիլի 2020 - 14:06 AMT
Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները կվերադառնան մայիսի 4-ի հատուկ չվերթով

Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերությունը կիրականացնի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը։

«Դա անհրաժեշտ է պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:

Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում են անձնագրային տվյալներն ուղարկել armconsulatelebanon@mfa.am էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի WhatsApp հավելվածով․․․ Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում: