27 ապրիլի 2020 - 16:35 AMT
ՄԻՊ․ Ատելության մթնոլորտը համացանցից կարող է իրական կյանք տեղափոխվել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով 2019-ի տարեկան հաղորդումը, մտահոգիչ է համարել ատելության մթնոլորտը համացանցում, որը կարող է իրական կյանք տեղափոխվել։

«Վիճակը մտահոգիչ է: Կեղծ օգտատերերից և կեղծ խմբերից եկող տարբեր ագրեսիան մեծ է: Չկա գրեթե առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն․․․ այդպես կոչված ինքնադատաստանը վտանգավոր երևույթ է, որը չպետք է թույլ տալ մեր կյանքում»,- ասել է Թաթոյանը։

ՄԻՊ-ը հավելել է, որ նման դեպքեր արդեն եղել են, երբ մի քաղաքացի կորոնավիրուսի հետ կապված կնոջ նկար էր հրապարակել, նրա հարազատները հաշվեհարդար էին տեսել:

Ըստ Թաթոյանի՝ ինչպես լրագրողների դեպքում, այդպես էլ փաստաբաններին նույնացնում են պաշտպանյալի, վստահորդի հետ: Նա նշել է նաև, որ ԶԼՄ-ն պարտավորություն ունի վերացնելու վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, բայց շատ դեպքերում չեն անում դա, ինչը նպաստում է այդ մթնոլորտի ավելացմանը:

Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացումից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել էին դեպքի առիթով կատակած բլոգեր Սերգեյ Սարգսյանի վրա։