Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանների փակումը պատվաստանյութերի պակաս է առաջացրել 21 երկրում։ Այդ մասին հայտարարել է Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը, գրում է BBC-ն։
Մասնավորապես, դա վերաբերում է պոլիոմիելիտի, կարմրուկի և խոլերայի դեմ պատվաստանյութերին։
Կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում խարխլում է առողջապահության համակարգերի աշխատանքը։ Հատկապես դա ռիսկեր է առաջացնում բնակչության աղքատ շերտերի երեխաների պատվաստումների առումով, ինչը հանգեցնում է այլ ծանր վարակներով հիվանդանալու վտանգի աճին։
Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։