4 մայիսի 2020 - 11:34 AMT
Վարչապետ․ Տավուշում դիմակների նոր արտադրամաս կբացվի, օրական 200,000 դիմակ կարտադրվի

Հայաստանում մեկնարկում է դիմակների լայնածավալ արտադրություն, նոր բացվող արտադրամասն օրական 200,000 դիմակ կարտադրի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եթերի ընթացքում։

Պաշտոնյաները` Տավուշի մարզպետին հղում անելով, հայտնել են, որ նոր արտադրամասը մայիսի 5-ից կսկսի գործել:

Ավինյանի խոսքով՝ Հայաստանում տեղաշարժի ակտիվացման պայմաններում դիմակների դեֆիցիտ չի առաջանա։

«Հայաստանում կան բավականաչափ դիմանկներ՝ անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս ընթացքում նաև մեծ թվով դիմակներ են ներկրվել»,- ասել է նա։

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի, 39 մարդ է մահացել, առողջացել է 1071 հոգի։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտներում սահամանփակումները վերացվել են, երկրում վերականգնվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, հանրային տրանսպորտը շարունակում է չգործել։