5 մայիսի 2020 - 18:19 AMT
Փայլանը՝ Էրդողանի «սրի մնացորդներ» խոսքերի մասին․ Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրի մնացորդներ» արտահայտությանը՝ անպարկեշտ անվանելով այն։

«Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է»,- գրել է նա։

«Էրդողանն իր ատելության խոսքում նորից օգտագործել է «սրի մնացորդներ» արտահայտությունը: Այդ արտահայտությունն ասվել է որբերի համար՝ նրանց թվին է պատկանում նաև իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է: Անպարկեշտ արտահայտություն է»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 24-ին Կարո Փայլանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այդ թեման պիտի քննարկվի Թուրքիայի խորհրդարանում։

«Այդ ամենը մեր վերքերը չեն ապաքինում։ Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասպյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։ Ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին», - ասել էր Փայլանը։