7 մայիսի 2020 - 17:48 AMT
Շտապօգնության 12 աշխատող կորոնավիրուս ունի․ Վարակակիրների հետ աշխատելուց հրաժարվողներ են եղել

Շտապօգնության 12 աշխատակից վարակված է կորոնավիրուսով, հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նա նշել է, որ վարակակիրներն ասիմպտոմ են, ոչ մի ախտանշան չունեն, պարզապես մեկուսացված են։

Ստեփանյանը հայտնել է նաև, որ շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ։

«Մենք, բնականաբար, ըմբռնումով ենք մոտեցել: Նամանավանդ, որ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են», - նշել է նա։

Ստեփանյանը նշել է` եղել են դեպքեր, որ աշխատակիցները նաև արձակուրդ են վերցրել։

«Ամեն ինչ նորմալ է, ունենք շատ մեծ բանակ բժիշկների, բուժքույրերի, ովքեր պատրաստակամ իրենց ցանկությունն են հայտնել աշխատել շտապօգնությունում»,- ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային բուն օջախում աշխատողները պարգևատրվել են․ բժիշկները պարգևատրվել են 95,000 դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 75,000 դրամով։

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2884-ի, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 42 դեպք կա, այլ պատճառով՝ 9։ Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է։