11 մայիսի 2020 - 18:50 AMT
Մահացել է Բանգլադեշի վերջին հայը

89 տարեկան հասակում մահացել է Բանգլադեշի վերջին հայը՝ Մայքլ Ջոզեֆ Մարտինը, նրա մահով ավարտվել է երկրում 300 տարուց ավելի գոյություն ունեցած ու ծաղկող համայնքի պատմությունը, փոխանցում է CNA-ն։

Մարտինը, որի հայկական անունը Միքայել-Հովսեփ Մարտիրոսյան է, տասնամյակներ շարունակ եղել է Դաքայում 1781-ին կառուցված հայկական Սբ Հարություն եկեղեցու պահակը, եկեղեցին համարվել է հայ համայնքի սիրտն այդ քաղաքում։

Եկեղեցու՝ արտերկրում գտնվող հոգաբարձու Արմեն Արսլանյանի խոսքով՝ Մարտինն էական դեր է ունեցել Դաքայի հայկական եկեղեցու գոյության համար։ Նա հայտնել է նաև, որ Մարտինը մահացել է ապրիլի 11-ին։

Բանգլադեշի մայրաքաղաքը 16-րդ դարում եղել է հարյուրավոր հայերի հանգրվանը, որտեղ նրանք հիմնականում զբաղվել են առևտրով, եղել են իրավաբաններ ու պետական պաշտոնյաներ։ Մարտինը Դաքա է ժամանել 1942-ին՝ հետևելով իր հորը, ով տասնամյակներ առաջ էր այնտեղ տեղափոխվել։

Բանգլադեշում նա հոգ է տարել հայկական եկեղեցու ու տարածքում գտնվող գերեզմանատան մասին, որտեղ թաղված է մոտ 400 մարդ՝ այդ թվում՝ իր կինը։ Երբ Մարտինի երեխաները լքել են Բանգլադեշը, նա մնացել է երկրի միակ հայն ու ապրել եկեղեցական հողի վրա գտնվող առանձնատանը։