12 մայիսի 2020 - 12:30 AMT
Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին

Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։

«Վրացական շուկայում գործող 36 ավիաընկերությունից 18-ն արդեն ցանկություն է հայտնել վերսկսել թռիչքները։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ դրան պետք է նախորդեն պայմանավորվածությունները պետական մակարդակով և դիվանագիտական ալիքներով անվտանգ միջանցքի սկզբունքների մասին, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Նա հավելել է, որ այդպիսով Վրաստանը պատրաստ կլինի զբոսաշրջության վերաբացմանը։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Վրաստանը մարտի 21-ից փակել է օդային հաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Իրականացվում են միայն հատուկ չվերթեր, որոնք տարհանում են տարբեր երկներից Վրաստանի քաղաքացիներին. վերջիններս ենթարկվում են 14-օրյա պարտադիր կարանտինի։