13 մայիսի 2020 - 19:16 AMT
Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի է

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուներից փակ գաղտնի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Շուշիում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստ է անցկացվել։

«Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին»,- ասվում է գրառման մեջ:

Նշված է նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար։

Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների մոտ 87%-ով ընտրվել է Արցախի նախագահ։ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 21-ին Շուշիում։