Իսրայելը կլինի առաջին երկիրը, որից զբոսաշրջիկներ կայցելեն Վրաստան։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է «Վզգլյադը»։
Ըստ նրա՝ «անվտանգ կանաչ միջանցքի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել»։ Գախարիան հավելել է, որ Իսրայելից բացի, Վրաստանը բանակցում է նաև Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Մերձբալթյան և Վրաստանի հարևան երկրների հետ։
Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, բայց պարետային ժամը, որը գործում է 21։00-6։00, դեռ կմնա։
Մայիսի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա, փաստացի բուժվում է 257 մարդ, մահվան 12 դեպք է գրանցվել։
Արտակարգ դրությունը Վրաստանում գործում է մարտի 21-ից մինչև մինչև մայիսի 22-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 652 դեպք է գրանցվել, ապաքինվել է 383 մարդ, մահացել՝ 12։