Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՃՈ կողմից իրականացվելիք ծածուկ ծառայության վերաբերյալ՝ նշելով, որ այն դրիֆտերն ու այլ կոպիտ խախտումները հայտնաբերելու համար է։
Ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում և կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը:
Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այն ենթադրում է ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների մեքենաներով։
Ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները խախտում կատարած վարորդից, ըստ օրենքի՝ բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել մեքենան։
«Նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է»,- ասվում է հայտարարության մեջ։