16 հունվարի 2009 - 18:30 AMT
Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ում «Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման 60-ամյակի հետ կապված» հռչակագրի ընդունումը միանգամայն իրական է
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության հայտարարությունները «Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման 60-ամյակի հետ կապված» հռչակագրի ընդունման մասին միանգամայն իրական են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, փաստաթուղթը կարող է ներկայացվել որպես հայտարարություն, որի տակ ստորագրում են ԵԽԽՎ անդամ երկրների ներկայացուցիչները: «Որպեսզի հայտարարությունը դառնա ԵԽԽՎ փաստաթուղթ, անհրաժեշտ է հավաքել ավելի քան 300 ստորագրություն, իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Բայց եթե հաշվի առնել այն, որ Թուրքիան 18 պատվիրակ ունի, ապա կարելի է ասել, որ Ադրբեջանի համար ստորագրահավաքը կարող է հեշտանալ»,- ասել է Հարությունյանը:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման 60-ամյակի հետ կապված հռչակագիր է նախապատրաստել: «Տվյալ հռչակագիրը որպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պաշտոնական փաստաթուղթ ընդունելու համար այն պետք է ստորագրեն ավելի քան 20 պատգամավորներ առնվազն 20 երկրներից»,- ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Հանիրա Փաշաեւան, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը:

1948-49թթ. արտասահմանյան հայերի զանգվածային հայրենադարձության հետ կապված, Հայաստանի ԽՍՀ կառավարությունը դիմեց Ադրբեջանի ԽՍՀ-ին` կազմակերպելու ադրբեջանցիների տեղափոխումը Ադրբեջան: Երեւանի նախաձեռնությունը օժանդակվեց Մոսկվայի կողմից: Երկու տարվա ընթացքում Հայաստանից մեկնած ադրբեջանցիների թիվը հասավ մոտ 100 հազարի: