14 մայիսի 2020 - 19:40 AMT
ՄԻՊ․ Մարտունեցի վարակվածի տան պատերին գրելու դեպքով միջամտել չենք կարող

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Մարտունիում կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա գրություններ թողնելու դեպքը մեկնաբանել չի կարող, քանի որ այն մասնավոր դեպք է և առնչվում է քաղաքացիների հարաբերություններին։

«Մասնավոր հարաբերություններին Մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու իրավասություն չունի»,- PanARMENIAN.Net-ին ասացին պաշտպանի գրասենյակից։

Ավելի վաղ Գեղարքունիքի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել էին» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։

ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։