15 մայիսի 2020 - 19:11 AMT
ԵԽ․ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը հնարավոր է քննարկվի

Եվրոպայի խորհրդում կարծում են, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Ինչպես փոխանցում է SchengenVisa.info-ն` Խորհուրդն ասել է, որ համապատասխան չափանիշների և հետընդունման մասին համաձայնագրի շարունակական կատարման միջոցով վիզայի ազատականացման ներկայիս գործողությունների պլանների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի, նախքան այլ երկրների` ներառյալ Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ նոր համաձայնությունների հասնելը:

Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Եվրամիության, անդամ պետությունների և Արլ․ գործընկերության 6 հարևանի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ։

Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիները մուտքի համար պետք է թույլտվություն ունենան։

Մյուս երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հնարավորությունը դիտարկվելու է առաջիկայում, եթե լավ ղեկավարվող և անվտանգ շարժունակություն ապահովող կանոններ ապահովվեն։

Ավելի վաղ ԵՄ-ն արդեն կոչ է արել սահմանները փակել մինչև մայիսի կեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել էր, որ Շենգեն գոտի մուտքը հնարավոր է սահմանափակվի մինչև սեպտեմբեր: Նշվել էր նաև, որ Շենգենյան գոտու երկրները կարող են նոր պահանջներ ներկայացնել վիզայի համար դիմողներին և հնարավոր է նաև, որ պահանջվի կորոնավիրուսի թեստ հանձնել։