18 մայիսի 2020 - 11:40 AMT
ՏԱՍՍ-ը հրապարակել է Երևանի հերքումը ՌԴ ԶԼՄ-ներում Փաշինյանի պապի մասին կեղծ լուրերի վերաբերյալ

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հրապարակել է Երևանի հերքումը ՌԴ ԶԼՄ-ներոմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապի մասին կեղծ տեղեկությունների վերաբերյալ։

ՏԱՍՍ-ը մեջբերում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը, ըստ որի՝ մի շարք ռուսական աղբյուրներում հրապարակված պդնումները, թե Փաշինյանի պապը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի դեմ է կռվել, կեղծ են և քաղաքական նպատակ են հետապնդում։

«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի հոբելյանի տարում, սրբապղծություն է»,- ասել է Մանե Գևորգյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ ռուսական որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են չհաստատված նյութեր՝ այնպիսի հռետորաբանությամբ, որը որոշ շրջանակներ միտումնավոր տարածում են քաղաքական նկատառումներով:

Գևորգյանն ասել է նաև, որ ՀՀ վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյանը», որի անունն է հիշատակվում հրապարակումներում։ Նա հավելել է նաև, որ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» գրությամբ, ում կարելի է գտնել նաև ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի կոչումով։

Ռուսական որոշ ԶԼՄ-ներ չստուգված նյութեր էին հրապարակել՝ գրելով, թե վարչապետ Փաշինյանի պապը Մեծ հայրենական պատերազմի տարիներին Կարմիր բանակի դեմ է կռվել։