19 մայիսի 2020 - 16:25 AMT
ԱՄՀ-ն $280 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել $280 մլն»,- ասվում է հայտարարության մեջ:

«Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու և տուժած տնային տնտեսություններին և տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն:

Հասանելիության ավելացումն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և կապահովի ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում ՀՀ կատարողականի երկրորդ հերթական ստուգումը:

Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248 միլիոն դոլար) չափով հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին։

Գործադիր խորհուրդը հաստատել է նաև իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով վելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման և հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլար):