19 մայիսի 2020 - 20:10 AMT
Գավառի դեպքի գործով 28 մեղադրյալ կա, 3-ը հետախուզվում են

Գավառում արյունալի միջադեպի հետքերով քննվող քրգործով մեղադրյալների թիվը հասել է 28-ի, նրանցից 3-ը հետախուզվում են։

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննարկման փուլում են, հայտնում է Քննչական ծառայությունը։

25 հոգի մեղադրվում են Գավառի ԲԿ-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու և դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկը՝ նույն կենտրոնում սպանության փորձի, երկուսը՝ Գավառի Ազատության փողոցում հրաձգության ու սպանությունների համար։

Հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց մեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ:

Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում հրաձգության արդյունքում սպանվել էր 2 անձ։ Դրանից հետո նրանցից մեկի հարազատները ներխուժել էին Գավառի ԲԿ՝ փորձելով սպանել հրաձգության մասնակիցներից մեկին։