20 մայիսի 2020 - 19:26 AMT
Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ հատուկ զեկուցողին

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։

Ինչպես հայտարարել է քույրերից կրտսերի՝ Մարիայի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան, դա թույլ կտա խուսափել քույրերին ավելորդ անգամ տրավմայի ենթարկելու անհրաժեշտությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ֆրոլովայի` Մարիայի գործն առանձին վարույթով քննելու քննչական մարմինների որոշումը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա։

«Կրեստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցելու Մարիայի գործին, իսկ Մարիան՝ քույրերի», – ասել է նա։

Փաստաբանը նշել է` քույրերն իրենց դիմումում պնդում են, որ գործել են ինքնապաշտպանությունից ելնելով՝ պաշտպանվելով ընտանեկան բռնությունից։

Ֆրոլովան հիշեցրել է, որ քննությունը «հրաժարվել է դիտարկել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում»։

«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր քույրերի հետ, բազմամյա բռնության հետևանք է և օրենքի բացակայություն, որը թույլ կտար նրանց ժամանակին պաշտպանել», – ասել է փաստաբանը։

ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է վերաորակավորել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը` հոր սպանությունից անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին՝ Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա դստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանել են մեղքը: Հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: