Վրաստանում կորոնավիրուս են հայտնաբերել ՀՀ-ից վերադարձած 29-ամյա վարորդի մոտ, որը Քութայիսիի հիվանդանոց է տեղափոխվել։ Նա Վրաստանի բնակիչ է։
Տղամարդն ինքնամեկուսակցման մեջ է եղել և դիմել է բժշկի, երբ առողջական վիճակը վատթարացել է։ Այդ մասին տեղեկացրել է Իմերեթի շրջանի ղեկավար Զվիադ Շալամբերիձեն, գրում է Sputnik Georgia-ն։
«Մշտադիտարկվում են բոլոր վարորդները և բոլորը հաշվառված են, ուստի մենք հսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմաններ» - ասել է նա։
Շալամբերիձեն հավելել է, որ վարորդի բոլոր շփումները հայտնի են և այդ մարդիկ ևս ինքնամեկուսացվել են։
«Ընտանիքի հետ նա շփում չի ունեցել։ Մի քանի մարդու հետ է շփվել, երբ հասել է Զեստաֆոնի։ Բոլոր այդ մարդիկ նույնականացվել են և ինքնամեկուսացման մեջ են։ Այնպես որ շփումները շատ չեն և տարածման վտանգ չկա» - ասել է նա։
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։ Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան: