Կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման կարիք կարող է առաջանալ, եթե վարակի տարածումը ՀՀ-ում շարունակվի նույն տեմպերով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ՀԽ անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին։
Նախարարը պարզաբանել է, որ նման սորտավորում սովորաբար արվում է պատերազմական պայմաններում, երբ հարկ է լինում բուժել այն պացիենտներին, որոնք փրկվելու շանս ունեն։
Թորոսյանը հավելել է նաև, որ ամեն ինչ արվում է, որ բանը դրան չհասնի։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ բոլոր հիվանդները ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած։
«Ծանրներին ի սկզբանե ընդունում ենք հիվանդանոցում։ Մոտավորապես գիտենք՝ ով է ծանր դառնալու․ տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են, նաև ուշացումով դիմողները»,- ասել է նախարարը։
«Չեմ կարծում, որ եթե թիվը մնա ներկայիս սահմաններում, խորը սորտավորման կարիք կունենանք, դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- հավելել է նա։