25 մայիսի 2020 - 14:07 AMT
Էդվարդ Նալբանդյանը՝ Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հյուր

Ազգային ժողովի ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը կլինի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում»,- ասել է Քոչարյանը։

Ավելի վաղ նա ընդգծել էր, որ պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին, իսկ արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։ Հանձնաժողովի նիստերին հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։