26 մայիսի 2020 - 14:17 AMT
Պարեկայինում աշխատելու դիմումներ են ընդունվում․ 237,000 դրամ՝ նվազագույն աշխատավարձը

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար դասընթացի դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հունիսին։ Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է։

Ուսման ընթացքում կտրվի 68,000 դրամ կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի պահպանում։ Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկերից հետո՝ 237.400դր):

Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում նախատեսվում է 2021թ. 1-ին եռամսյակում։

Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսին, իսկ դասընթացի սկիզբը սեպտեմբերին է, տևողությունը՝ 5 ամիս։

Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

Կկատարվի առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում, ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ և հարցազրույց։

Ընդունելության հավասար արդյունքների դեպքում կին դիմորդները կունենան ընդունելության առավելություն:

Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտն անմիջապես կնշանակվի պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։

Ծառայության ընթացքում նախատեսվում է միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։

2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության: Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է ստեղծել նաև տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն:

Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։