Նախնական տվյալով՝ SCAT ավիաընկերության՝ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան կոմերցիոն հիմունքով չարթերային չվերթը կարող է կայանալ հունիսի 2-ի կեսօրին, փոխանցում է Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը։
«Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում են նախապես հայտնել իրենց ինքնամեկուսացման հասցեները՝ տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։
Դեսպանությունից հայտնում են, որ չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում իրենք պատասխանատվություն չեն կրում։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում ավիահաղորդակցությունը կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրի մեկնել Չինաստան, սակայն հորդորել էին այդ երկիր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։