4 հունիսի 2020 - 11:15 AMT
ՀՀ-ն քվեարկություն է պահանջել ՄԱԿ ԳՎ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուին հաստատելու համար

Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար, տեղեկացնում է Associated Press-ը:

Դիվանագետները, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, վերոնշյալ 3 երկիրն են նշել։

Թեկնածուն միայն մեկն է՝ Թուրքիայի փորձառու ներկայացուցիչ Վոլքան Բոզքերը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն որոշ երկրներ քվեարկություն են պահանջել, նշում է պարբերականը։

ՄԱԿ-ի անդամ 193 երկրիրը պետք է ընտրեն Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը մեկնարկելու է 2020-ի սեպտեմբերին։

2019-ին ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ որոշվել է եռակողմ գործընկերություն հաստատել երկրների միջև։ Նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։