5 հունիսի 2020 - 16:24 AMT
Վարչապետ․ Քաղաքացին պետք է ուզի, որ պաշտոնյան բարձր վարձատրվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացին պետք է ցանկանա, որ պետական պաշտոնյան բարձր վարձատրվի, ինչը կբացառի կոռուպցիոն բուրգը։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Ազգային ժողովում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

«ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան։ Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք ՀՀ-ում կոռուպցիոն բուրգի առկայությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը դա կարևոր է համարում նաև պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխությունների առումով։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2019-ը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ գեներացնել։