«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները «պատերազմական վիճակում դավադիր գործողություններ» են պետության դեմ, հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»,-գրել է Մակունցը։
Նրա խոսքով՝ ԲՀԿ ղեկավարն իրեն դիտարկում է «որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»:
«Չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ, և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ, այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը»,-գրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։ Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել էր Ծառուկյանի հայտարարությանն՝ ասելով, թե նա պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
Ընթերցեք նաև․Ծառուկյան. Կառավարության 100%-ը փոխել է պետք, բոլոր ոլորտներում ձախողել է
Վարչապետի խոսնակ․ Ծառուկյանը մտահոգված է փողերի լվացման քրգործերի ընթացով
Ռուբինյան․ Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են
Տոնոյան․ Իշխանությունը ոչ թե վիրուսին, այլ ԲՀԿ-ին է պատերազմ հայտարարում