ՀՀ-ում 200 քաղաքացի կա, որոնք սպասում են հոսպիտալացվելու իրենց հերթին, առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացման ենթակա հիվանդներին չեն հասցնում տեղավորել հիվանդանոցներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու դեպք է եղել մահվան, երբ պացիենտները պետք է գտնվեին վերակենդանացման բաժանմունքում, սակայն գտնվել են ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժնանմունքում տեղ չլինելու պատճառով»,- ասել է նա։
Նա ասել է, որ ՀՀ-ում նաև դեպք է եղել, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով է մարդ մահացել կորոնավիրուսից։
Վարչապետը նշել է, որ ուշացման պատճառը երկակի է` հարազատները ուշ են հիվանդության մասին տեղեկությունը փոխանցել, ռեակցիան եղել է ուշացումով, արձանագրվել է մահ։
Ըստ Փաշինյանի՝ պարետատան նիստին քննարկվել է նաև տոտալ արգելափակման որոշումը, սակայն այն չի բերելու ցանկալի արդյունքի։
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։