«Մեծամորի» ատոմակայանի արդիականացման ծրագրի մասով՝ «Ռոսատոմ» ընկերությունը «հիմնական իրականացնող ընկերությունն է», պայմանագրերը գործընկերների հետ առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով, ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են, և այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան ենք գտել, որ կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից բյուջետային վարկ տրամադրել և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասել է Պապիկյանը, փոխանցում է Aysor.am-ը։
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն ռազմավարական-գործընկերային են, բայց միաժամանակ ՀՀ-ում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա։
2019-ի դեկտեմբերին Պապիկյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:
Նախարարը նշել էր, որ քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Փոխհամաձայնություն կա և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է։