15 հունիսի 2020 - 18:25 AMT
Հունիսի 15-ից Արցախի բոլոր անցակետերում արագ թեստավորում է արվում

Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ:

Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել՝ եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեսթի կամ արագ թեսթի պատասխանները, հայտնում է Տեղեկատվական շտաբը։ :

Նշվում է, որ արդեն տեղադրված են տերմինալներ, որոնցով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեստավորվել:

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հունիսի 15-ից Արցախ կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները: Արցախում կորոնավիրուսով վարակի 75 հաստատված դեպք կա և 116 մեկուսացված։ Առողջացել է 54 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։