16 հունիսի 2020 - 11:44 AMT
«Մուլտի Գրուպ»-ի բեռնատարներն ու Աբովյանի ավտոբուսը Երևանում փողոցներ են փակել

«Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող բեռնատարները, Աբովյանի ավտոբուսները Երևանում փակել են մի շարք փողոցներ։

Ֆեյսբուքյան օգտատերերը լուսնակարաներ են հրապարակել, որտեղ երևում է, որ որոշ փողոցներ փակված են մի քանի մեքենաներով։

ԱԺ-ն քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազն այդ հարցով միջնորդություն է ներկայացրել։

Կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քաղաքացիները բրդելով հեռացրել են բեռնատարները փողոցից։

Օգտատերերից Դավիթ Հովհաննիսյանն իր էջում գրել է, որ Ավանում «Մուլտի Գրուպ»-ի մեքենաները «տոտալ փակել են» ճանապարհը։ Նա մտահոգություն է հայտնել, թե ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար, ինչի պատճառով կյանքեր կարող են վտանգվել։

Օգտատերերից Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ փակ է դեպի Սևան տանող ճանապարհը՝ Աճառյան փողոցը։

Լրագրող Արման Սուլեյմանյանը լուսնակար է հրապարակել, որտեղ երևում է, որ փակ է «Հաղթանակ» կամրջից դեպի Մաշտոցի պողոտա տանող հատվածը։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։