Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ արդյունք է տալիս:
«Չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը»,-ասվում է գրառման մեջ:
Թորոսյանը կցել է գրաֆիկը, որից երևում է իրական պատկերի ու կանխատեսումների տարբերությունը։
Նախարարը շեշտել է, որ իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված և բոլորը պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրեն այն բարելավելու համար:
Թորոսյանը կրկին հորդորել է ամենուր բժշկական դիմակ կրել, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն։
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,033-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 544-ով: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, որոնցից 9-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։