19 հունիսի 2020 - 18:35 AMT
Փաշինյան․ Համաճարակի պատճառով ձեռնպահ կմնամ Մոսկվա այցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակի պատճառով չի մասնակցի Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, այս մասին նա նամակով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- գրել է նա։

Փաշինյանը նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր ժառանգություն է և իր համար մեծ պատիվ կլիներ ներկա լինել այդ շքերթին։

Հունիսի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուսով են վարակված։ Վարակը վարչապետի ու ընտանիքի մոտ ասիմպտոմ էր անցել, նրանք արդեն բուժվել են։