ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար պահանջված 2 մլրդ դրամ ($4,1 մլն) գրավը վճարվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների կողմից, լուրը հաստատել է նրա ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նրա խոսքով՝ վճարել են «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբից Սերգեյ Համբարձումյանը, բիզնեսմեն Գենադի Ստեփանյանը, գումարի մյուս հատվածը վճարվել է AFK Sistema ընկերության կողմից, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է։
Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ մասնակցել են գրավի վճարմանը։ Գործարար Սերգեյ Համբարձումյանը նույնպես հաստատել է, որ անձամբ մասնակցել է երկրորդ նախագահի գրավի վճարմանը՝ որպես ֆիզանձ։
«Նա կարող է գտնվել տանն ու սպասել դատարանի վճռին։ Ես կարծում եմ, որ կարիք չկա նրան կալանքի տակ պահել, դա ճիշտ չէ»,- մանրամասնել է Համբարձումյանը։
Հունիսի 19-ին Քոչարյանն ազատ է արձակվել դատարանին վճարված 2 մլրդ գրավից հետո։ Նա անազատության մեջ է 2019-ից։ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին 2 անգամ ձերբակալել էին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։