22 հունիսի 2020 - 18:59 AMT
Թորոսյան․ Կորոնավիրուսով 504 հիվանդ ծանր վիճակում է, 123-ը՝ ծայրահեղ ծանր

Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա շատ մտահոգիչ է։

Նա տեղեկացրել է նաև, որ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 21-ից արդեն չկան կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման և տանն են սպասում հիվանդանոց տեղափոխվելու հերթին։ Նախարարը կարծում է, որ այդ խնդիրը հաջողվել է հաղթահարել։

Թորոսյանը ասել է նաև, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը երկարաժամկետ բնույթ է կրելու և դրանք պետք է խստորեն պահպանվեն։

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 320-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 9131 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,980 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 96,843 թեստ։