ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ազգային ժողովում ընդունված նախագիծն իր վրա չի տարածվում։
Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ Նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է հեռանան պաշտոնից։
«Փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, քանի որ պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, ավելի ճիշտ հոկտեմբերի 1-ից, երբ անցել եմ պարտականությունների կատարմանը»,- ասել է Գյուլումյանը:
Նա նշել է նաև, որ ԱԺ-ում ընդունված նախագծին իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ այն կարող է ներկայացվել ՍԴ քննարկման։
Գյուլումյանն ասել է նաև, որ պայքարելու է իր իրավունքների համար՝ նշելով, որ դատավորները՝ սպառելով ներպետական ատյանները, կարող են դիմել Եվրոպական դատարան:
Նա հավելել է, որ ինքն անձմաբ դիմելու է այդ քայլին, քանի որ ավելի քան վստահ է՝ բոլոր հիմքերն ունի գործը մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար։
«Հրանտ Նազարյանը և Ֆելքիս Թոխյանը նույնպես, կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»,- ասել է ՍԴ դատավորը:
Գյուլումյանը նշել է, որ նախագիծը, գուցե վերաբերի այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են 12 տարի անընդմեջ։
ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:
Ընթերցեք նաև․ Թովմասյան․ ԱԺ ընդունած օրինագծին ծանոթ չեմ, ՍԴ-ն այն չի ստացել