Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կոռուպցիայի գործով։ Նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը հայտնել է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել։
Դատավճիռը կայացվել է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման գործով։ Բացի այդ, դատարանը վճռել է բռնագանձել Ատամբաևի ունեցվածքը և զրկել նրան պետական կոչումներից և պարգևներից, անվանական ժամացույցից, գրում է «Վեդոմոստին»։
Բռնագանձման ենթակա կարողության ցանկում կա նաև 5 ավտոմեքենա, հողամասեր, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիա ֆորում», «Ֆորում», «Ավտոմաշ» ընկերություններն ու արժեթղթեր և հաշիվներ ղրղզական մի քանի բանկում։
2019-ի հուլիսին խորհրդարանը զրկել էր Ատամբաևին անձեռնմխելիությունից։ Օգոստոսի 8-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ձերբակալել էին նրան նստավայրի մի ամբողջ օր տևած գրոհից հետո։ Նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն էին ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել էր, 52 մարդ՝ վիրավորվել: Այն ժամանակ Բիշքեկում և արվարձանում տուժել էր մոտ 132 մարդ։
Ատամբաևը նախագահել է 2011-2017 թթ.: