ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հունիսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիմպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։
Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք, բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապվել պարետատուն։ Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)»,-ասվում է գրառման մեջ։
Պատգամավորը նշել է, որ ինքնազգացողությունը լավ է՝ չհաշված «ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները»։
Նա նաև հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործել։
Ազգային ժողովի կազմում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը։