Դերասան Միխայիլ Եֆրեմովը հունիսի լույս 26-ի գիշերը սրտի նոպա է տարել, որի պատճառը կարող է լինել Մոսկվայի կենտրոնում դերասանի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ կապված նյարդային ցնցումը։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Էլման Փաշաևը։
«Գիշերը նա սրտի նոպա է ունեցել։ Նա հրաժարվեց «շտապ օգնությունից», ասաց, որ ոչինչ չի ուզում։ Ես նրա մոտից կեսգիշերին եմ հեռացել և խստիվ պատվիրել եմ, որ «շտապ օգնություն» կանչի, եթե ինքնազգացողությունը վատթարանա։ Հուսով եմ, նա չի անտեսի դա», - ասել է Փաշաևը, գրում է Deutsche Welle-ն։
Միխայիլ Եֆրեմովին մեղադրանք է ներկայացվել, ըստ որի նա հունիսի 8-ին Մոսկվայի կենտրոնում ավտոմեքենա է վարել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, ՃՏՊ-ի պատճառ է դարձել, որի հետևանքով մարդ է մահացել։
Տեսախցիկների տեսագրությունում երևում է, որ Եֆրեմովի ջիպը մեծ արագությամբ դուրս է գալիս հանդիպակաց և բախվում սնունդ առաքող ֆուրգոնին։ Ֆուրգոնի վարորդը՝ 57-ամյա Սերգեյ Զախարովը, առավոտյան հիվանդանոցում մահացել է։
Եթե դերասանի մեղավորությունն ապացուցվի, նրան 5-12 տարի ազատազրկում է սպառնում։ Եֆրեմովը ներողություն է խնդրել Զախարովի հարազատներից, սակայն դրանք չեն ընդունվել։