27 հունվարի 2009 - 17:14 AMT
Հոլանդիայում լույս է տեսել «Հայերը Նիդեռլանդներում» գիրքը
Հոլանդիայում լույս է տեսել Նիդեռլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Հայերը Նիդեռլանդներում» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են FAON-ի մամլո ծառայությունում, գիրքը հրատարակվել է վերջերս Հոլանդիայի հայկական համայնքում անցկացված հարցումների արդյունքում: «Նիդեռլանդների կառավարության ֆինանսական աջակցությամբ անցկացված հարցումներին մասնակցել են Հոլանդիայում ապրող հարյուրավոր հայեր»,- ասվում է FAON-ի հաղորդման մեջ: Անցկացված հարցման արդյունքներն ավելի հստակ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսի երկրներից են հայերը ժամանել Նիդեռլանդներ եւ որքան ժամանակ են բնակվում այդ երկրում: Դրա հետ մեկտեղ դա լրացուցիչ տեղեկություն է հաղորդում Հոլանդիայի հայերի կրթական մակարդակի, սոցիալ-տնտեսական կարգավիճակի մասին:

Հարցման մեջ տեղեկատվություն է պարունակվում նաեւ հայերի սոցիալական հաղորդակցության, դավանանքի, Հոլանդիայում անցկացվող միջոցառումներին նրանց մասնակցության, համայնքում խառը ամուսնությունների քանակի մասին: «Գիրքը պարունակում է նաեւ Հայաստանի համառոտ պատմությունը եւ տեղեկատվություն Հոլանդիայի հայկական համայնքի մասին, որը ձեւավորվել է դեռեւս 17-րդ դարում»,- նշվում է FAON-ի հաղորդման մեջ: