ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրին մասնակցության հարցը, որի շրջանակում առաջարկվել է ուսումնասիրել եզդի աղջիկների իրավունքները։
Խոսքը կրթության և այլ իրավունքների մասին է, այդ թվում կապված հատկապես վաղ ամուսնությունների խնդրի հետ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ներկայացրել է իր գործընկեր Ռուստամ Բաքոյանի առաջարկը՝ դաշտային ուսումնասիրություն անցկացրել եզդի աղջիկների իրավունքների վերաբերյալ, գրում է «Առավոտը»։
Նպատակն է հասկանալ, թե ինչի հետ են կապված վաղ ամուսնությունները, թե ինչու է դա տեղի ունենում, ինչ օրինաչափություններ կան ու ինչ կարելի է անել, որ եզդի աղջիկներն ավելի ուշ ամուսնանան:
Նաև առաջարկ է եղել երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը բարելավելու հետ կապված:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն իր հերթին անդրադարձել է սելեկտիվ աբորտների թեմային։
«Ինձ դիմել են մի խումբ փաստաբաններ, ովքեր առաջարկում են ընդունել օրենսդրական կարևոր նախադեպեր՝ չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք: Օրինակ, վերցնում ենք գաղափարը, եթե լավ է, գալիս ենք հանձնաժողովով կոնսենսուսի ու կներկայացնենք»,- ասել է նա:
Ծրագիրը հանձնաժողովներին մինչև 12 հազար դոլար աջակցություն է պատրաստ տրամադրել՝ հզորացնելու օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչական ապահովման գործունեությունը: Յուրաքանչյուր խմբակցությունից պետք է ներկայացնեն մեկական անդամ, այսինք, ԱԺ-ից կլինի 3 անդամ: Մարիա Կարապետյանն ասել է, որ «Իմ քայլից» իրենց ներկայացուցիչը կլինի Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից լինի Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Անի Սամսոնյանը: