Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա մարտի 15-ից մինչ այժմ իրականացված թռիչքների արդյունքում երկիր է վերադարձել ավելի քան 40,000 ՀՀ քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով մոտ 8000 ՀՀ քաղաքացի, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան:
«Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան»,- ասվում է գրառման մեջ:
Նշվում է նաև, որ պարետատան կազմակերպած 4 հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև հուլիսի 15-ը արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, բոլոր միջազգային ավիահաղորդակցությունները կասեցվել են։