1 հուլիսի 2020 - 16:09 AMT
ՌԴ ՔԿ-ն մեղմացուցիչ հանգամանքներ է գտել Խաչատուրյան քույրերի գործում

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննիչներն ավարտել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով լրացուցիչ հետաքննությունը։ Պարզվել է, որ, ըստ քննության՝ աղջիկների գործում մեղմացուցիչ հանգամանքներ կան, տեղեկացնում է Interfax.ru-ն։

Ինչպես հայտնել են ՔԿ-ից, Կրեստինայի և Անգելինայի մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, իսկ երրորդ քրոջ մասով՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ։

Գերատեսչությունում նշել են նաև՝ պարզվել է, որ «հանցագործության դրադապատճառ է դարձել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր տևական ժամանակի ընթացքում նրանց հոր կողմից ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը հաշվի է առնվել որպես աղջիկների մեղքը մեղմացնող հանգամանք»։

Քույրերը նախկինի պես մեղադրվում են ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով (Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ):

ՔԿ-ում կարծում են՝ ըստ հոգեբանական եզրակացության՝ «քույրերից երկուսը սպանության պահին կարող էին գիտակցել իրենց գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել դրանք»։

Քույրերի հոգեբանական վիճակի մասին փորձագիտական եզրակացությունները հաստատված են լրացուցիչ դատական փորձաքննություններով։

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։