2 հուլիսի 2020 - 10:54 AMT
ՀՀ-ից Օման «արտահանված» ինքնաթիռների մասին

2019 թվականին ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական ուղևորատար երկու A310 ինքնաթիռ։ PanARMENIAN.Net-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին խնդրել էր տրամադրել ՀՀ-ից արտահանված 8802 կոդով ապրանքի տվյալները: Այսպիսով, ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական 2 ուղևորատար ինքնաթիռ՝ Airbus A310-325 մակնիշի։

Օդանավերից մեկի արժեքը, ըստ ՊԵԿ տվյալների, կազմել է մոտ 987 մլն դրամ, մյուսինը՝ մոտ 973 մլն դրամ։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2019-ի մայիսի 27-ին և նույն տարվա հոկտեմբերի 8-ին ՀՀ օդանավերի պետական ռեգիստրից Armenia Airways ավիաընկերության 2 օդանավ է հանվել։

Ենթադրվում է, որ Օման արտահանված 2 ինքնաթիռը Armenia Airways ավիաընկերության՝ Airbus A310 օդանավերն էին։

Armenia Airways-ը ֆեյսբուքյան իր էջում 2018-ի հունիսի 25-ին էր հայտնել Airbus-ի գնման մասին։