2 հուլիսի 2020 - 11:43 AMT
ՀՀ-ում ջրային ռեսուրսները նորմայի շրջանակում են, բավարար երկրի կարիքներին

Հայաստանում ջրային ռեսուրսները գտնվում են նորմայի շրջանակում, անհանգստանալու կարիք չկա, PanARMENIAN.Net-ին ասաց շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Անհանգստանալու կարիք չկա։ Հայաստանում առկա է բավարար քանակությամբ ջուր։ Չնայած տեղումների տեսանկյունից այս տարին ամենաառատը չէ, ջրամբարներում հավաքվեց սպասվածից քիչ ջուր, սակայն այն միևնույն է բավարար է ՀՀ բոլոր կարիքների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ խմելու ջրին վերաբերող տվյալները ՇՄՆ-ի լիազորության շրջանակում չէ։

2020-ի ամռանը Կուր գետի ցամաքման պատճառով խմելու և ոռոգման ջրի պակաս կա, որպես պատճառ տաք եղանակն է նշվում։ Կուրի լայնությունը նախկին 100-150 մետրի փոխարեն որոշ հատվածներում նվազել է մինչև 4-5 մետրի։

Ավելի վաղ Կառավարությունը 2020-ին Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանել էր մինչև 170 միլիոն խմ։ Նշվում էր, որ երկրում ջրի դիֆիցիտը կկազմի մոտ 50 միլիոն խմ։ Չի բացառվում, որ այդ դեֆիցիտը կլրացվի Սևանի հաշվին։