Հուլիսի 2-ի դրությամբ ԱՄՆ-ում, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսով վարակի ավելի քան 52,000 նոր դեպք է գրանցվել։ Սա նոր դեպքերի աճի ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։
Մեկ օրում վարակից մահվան 706 դեպք է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ մահվան ելքով դեպքերը հասել են 128,028-ի, գրում է Deutsche Welle-ն։
ԱՄՆ-ում ընդհանուր մոտ 2․7 մլն մարդ է վարակվել վիրուսով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնել է Covid-19-ի դեմ պայքարում օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500,000 դեղաչափ, որն ընկերության հուլիս, օգտոստոս և սեպտեմբեր ամիսների ամբողջ արտադրանքն է և համաշխարհային ամբողջ պաշարը։
ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է և չի բացառել, որ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերն օրական կհասեն 100,000-ի։
Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 10․6 մլն դեպք է գրանցվել։