Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկը հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից պանդեմիայի ընթացքում կառավարության գործողությունների և սեփական սխալների պատճառով։
Քլարկն ասել է՝ հասկացել է, որ, շարունակելով պաշտոնավարել, «շեղում է կառավարությանը Covid-19-ի և գլոբալ պանդեմիայի դեմ պայքարից»։
Վարչապետ Ջասինդա Արդերնը ընդունել է նրա հրաժարականը, գրում է Deustche Welle-ն։
Ապրիլին Քլարկը խոստովանել էր, որ լողափ է գնացել լոքդաունի ժամանակ, որից հետո հրաժարական էր ներկայացրել։
«Նորմալ պայմաններում ես կազատեի առողջապահության նախարարին։ Այն, ինչ նա արել է, սխալ էր և ոչ մի արդարացում չկա։ Սակայն հիմա առաջնայինը հավաքական պայքարն է կորոնավիրուսի դեմ»,-ասել էր այն ժամանակ Արդերնը։
Նա զրկել էր Քլարկին ֆինանսների նախարարի օգնականի դերից և կառավարությունում ավելի ցածր պաշտոնի տեղափոխել։
Հուլիսի 2-ի դրությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակի 1530 դեպք է գրանցվել, որից 1490-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 22 դեպք է գրանցվել, այժմ փաստացի բուժվում է 18 մարդ, որից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։