2 հուլիսի 2020 - 15:42 AMT
Արցախի նախագահ․ 2021-ին կարող է երկնիշ տնտեսական աճ լինել

2021-ին Արցախում տնտեսական աճը կարող է երկնիշ լինել։ Այդ մասին Facebook-ում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2020-2025թթ. իր ծրագրի դրույթները:

Նա հիշեցրել է, որ ժամանակին՝ 2011-2012թթ․ ասել է, որ տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոս: Նա ասել է, որ այդպես էլ նախատեսված է առաջիկա տարիների համար և այդ ցուցանիշը գերակատարվելու է։

Խոսելով ստեղծվելիք նոր աշխատատեղերի մասին՝ Հարությունյանն ասել է, որ առաջիկա տարիներին Արցախում աշխատուժի կարիք է լինելու, տարեկան 5000 և ավելի աշխատատեղ է ստեղծվելու։ Ըստ Արցախի նախագահի՝ դա վերաբերում է տարբեր ոլորտներին, այդ թվում՝ շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման։

Հարությունյանը հավելել է, որ փորձելու են ճիշտ վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականություն իրականացնել, ինչը թույլ կտա լուծել նաև աշխատուժի խնդիրը:

Նա նշել է, որ ամենակարևոր ծրագրերից է բնակարանաշինությունը:

«Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան կառուցելու մասին, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելին է կառուցվելու»,- ասել է Հարությունյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ նա նշել է՝ ամեն ինչ արվելու է, որ առաջիկա 4-5 տարում Արցախում անմշակ հող չմնա։